Jump to content

Մահաթմա Գանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահաթմա Գանդի
գուջարաթի՝ મોહનદાસ ગાંધી
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես[1]
Կրթություն՝ Ալֆրեդ ավագ դպրոց (1877), Իններ Թեմթլ, Լոնդոնի համալսարանի քոլեջ[2] և Սամալդաս արվեստի քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բարիսթեր, քաղաքական հրապարակախոս, լրագրող, փիլիսոփա, ինքնակենսագիր, ակնարկագիր, թերթի խմբագրիչ, իրավապահ, հիշատակագիր, հումանիստ, հակապատերազմային ակտիվիստ, հեղափոխական, գրող, իրավաբան և ազատության մարտիկ
Ազգություն Գուջարաթցիներ
Դավանանք հինդուիզմ[2]
Ծննդյան օր հոկտեմբերի 2, 1869(1869-10-02)[3][4][2][…]
Ծննդավայր Porbandar, Porbandar State, Բրիտանական Հնդկաստան[5][2]
Վախճանի օր հունվարի 30, 1948(1948-01-30)[3][4][2][…] (78 տարեկան)
Վախճանի վայր , Նյու Դելի, Հնդկաստանի տիրապետություն[6][7]
Թաղված Ռաջ Գհատ
Քաղաքացիություն  Հնդկաստան
Ի ծնե անուն գուջարաթի՝ મોહનદાસ ગાંધી
Հայր Կարմչանդ Ուտտամչանդ Գանդի[2][8]
Մայր Պուտլիբայ Կարամչանդ Գանդի[2][8]
Ամուսին Կաստուրբա Գանդի[9][2]
Զավակներ Հարիլալ Գանդի[9][10], Մանիլալ Գանդի[11][10], Ռամդաս Գանդի[10] և Դեվդաս Գանդի[10]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մոհանդաս Կըրըմչընդ Գանդի (գուջարաթի՝ મોહનદાસ કરમચંદ ગાંધી, հոկտեմբերի 2, 1869(1869-10-02)[3][4][2][…], Porbandar, Porbandar State, Բրիտանական Հնդկաստան[5][2] - հունվարի 30, 1948(1948-01-30)[3][4][2][…], , Նյու Դելի, Հնդկաստանի տիրապետություն[6][7]), Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից։

1888 թվականին՝ 20 տարի չբոլորած, Մահաթմա Գանդին մեկնում է Լոնդոն, որտեղ 3 տարի սովորում է իրավաբանության ֆակուլտետում և ավարտում։ 1893 թվականին նա աշխատանքի է տեղավորվում Հարավային Աֆրիկայում։ Այնտեղ սկսում է իր և իր տեղացիների պաշտպանության գործընթացը։ Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնվում են արիության, արդարության ու ոչ բռնության վրա։

Նախաձեռնել էր Սատյագրահայի դիմադրություն բռնակալության դեմ քաղաքացիական անհնազանդության, խստորեն առանց բռնության որով Հնդկաստանը շահել է իր անկախությունը և մեծապես ազդել է ամբողջ աշխարհում նմանատիպ շարժումների տարածման վրա՝ քաղաքացիական իրավունքների և ազատության համար։ Նա ճանաչվել է աշխարհում իբրև Մահաթմա Գանդի "Մեծն Հոգի" և Հնդկաստանում իբրև Բապու։ Նա ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում իբրև Հնդկաստանի հայրը։

Գանդին հայրենիք է վերադառնում առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915 թվականին, և դառնում ազգայնական շարժման առաջնորդը։ Օգտագործելով «Սատյարգրահայի» սկզբունքները՝ Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ։ Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին՝ Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար. նա 7 տարի անցկացրել է բանտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից երկու տարի անց՝ 1948 թվականի հունվարի 13-ին Հնդկաստանում բախումներ են տեղի ունենում, և Գանդին հացադուլ է հայտարարում։ Նա այդ ժամանակ 78-ամյա ծերունի էր։ Հինգ օր անց ընդդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը, և Գանդին ընդհատում է հացադուլը։ Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նաթհուրամ Գոդզեն՝ Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին։ Վերջինս մահամերձ վիճակում շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին։ 1948 թվականի հունվարի 30–ին նա մահանում է։

Մահաթմա Գանդին ապրել է չափազանց համեստ կյանքով։ Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ, հաճախ էլ ոչինչ չէր ուտում ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար։ Նրա տարեդարձը՝ հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում՝ Ոչ-բռնության միջազգային օր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականին, Հնդկաստանում։ Ընտանիքն ուներ 4 երեխա։ Գանդին վաղ հասակում շատ ամաչկոտ է եղել և խուսափել է իր հասակակիցների հետ շփումից։ Նրա միակ ընկերները եղել են գրքերը և դասերը։ Նա սովորություն էր դարձրել անմիջապես դասից առաջ գնալ դպրոց և դասերն ավարտվելու պես լքել այն։ Նա տանել չէր կարողանում ինչ-որ մեկի հետ շփվելը, որպեսզի չդառնա նրանց կողմից ծաղրի առարկա։ Այդ պատճառով էլ արագորեն վազում էր տուն։

Մի պատմություն է պատմում Գանդին կապված իր միջնակարգ դպրոցի ուսումնական առաջին տարվա հետ։ Երբ տեսուչը եկել է դպրոց՝ ստուգումներ անցկացնելու, թելադրել է 5 բառ, որոնցից մեկի ուղղագրությունը Գանդին չի իմացել։ Այդ ժամանակ նրա ուսուցչուհին հասկացրել է, որ կարող է արտագրել իր կողքին նստած աշակերտից։ Բայց Գանդին չի լսել ուսուցչուհուն և արդար կերպով սխալ գրելով այդ բառը՝ հանձնել է գրավորը։ Նույնիսկ այս դեպքում նա իր ուսուցչուհուն միշտ հարգանքով է մոտեցել՝ չնայած այդ սխալին։ Գանդին կարծում էր, որ պետք է ոչ թե քննադատել, այլ հարգել մեծերի կարծիքը։

Գանդին մտաբերում է, որ դպրոցական տարիներին չի սիրել կարդալ գրքեր և տնային հանձնարարություններն էլ մեծ անհետաքրքրությամբ է արել։ Առաջին անգամ մեծ սիրով կարդացած գիրքը դա իր հոր գրապահարանի պիեսներից մեկն է եղել։

Միջնակարգ դպրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Գանդին է ասել՝ միջնակարգ դպրոցում նրան հիմարիկ չէին համարում։ Յուրաքանչյուր տարի ծնողները ստանում էին նրա հաջողությունների և առաջընթացների մասին հավաստագրերը։ Գանդին չուներ վատ գնահատականներ։ Գանդին ասում է, որ սովորաբար զարմանում էր, երբ կրթաթոշակներ էր ստանում։ Միևնույն ժամանակ նա չափազանց ինքնասեր էր։ Նույնիսկ փոքրիկ նկատողությունը կարող էր արցունքներ առաջացնել։ Գանդիի համար անտանելի էր նկատողություն ստանալը, նույնիսկ եթե ինքն արժանի էր դրան։ Հիշում է, երբ մի անգամ նրան ենթարկել են մարմնական պատժի։ Նա ազդվել էր ոչ այնքան ֆիզիկական ցավից, ինչքան որ պատիժը վիրավորել էր նրա արժանապատվությունը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանդիի հայրը, զգալով իր մահվան մոտենալը, որոշում է Գանդիին ամուսնացնել։ Հնդկական ավանդույթի համաձայն նա արդեն ընտրել էր իր տղայի համար կին։ Գանդին 13 տարեկան էր, նրա կինը՝ նույնպես։ Կնոջ անունն էր Կաստուրբայ։ Բարեբախտաբար երիտասարդ նորապսակները սիրեցին միմյանց։ Տարիներ հետո էլ նրանք մեծ սեր էին տածում միմյանց հանդեպ։ Մահաթման ու Կաստուրբայը միասին ապրեցին շուրջ 62 տարի։ Եվ Կաստուրբայը միշտ Գանդիի իսկական ընկերն էր և հավատարիմ օգնականը։

Հետագայում, երբ իր ժամանակի մեծ մասը Գանդին նվիրում էր իր գործունեությանը, ընտանիքը մնում էր առանց ամուսին և առանց հայր։ Կաստուրբայը մեծացնում էր իր 4 որդիներին։ Գանդին կլանված էր անարդարության դեմ պայքարի մեջ, իսկ իր աղքատ ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Կաստուրբայը, իհարկե, մտահոգված էր, սակայն նա ամուսնուն չէր քննադատում։ Դաստիարակված լինելով հնդկական հնագույն ավանդույթներով՝ նա կարողանում էր ընդունել կյանքը այնպես, ինչպես կա։ Նաև շատ լավ հասկանում էր, որ դա իր ամուսնու նպատակների իրագործման ուղին է։ Նրանք ապրում էին փոքրիկ ու խղճուկ խրճիթում։ Սնվում էին համեստ և բուսակման ծագման ուտելիքներով։

Մի անգամ, երբ զրուցելու նպատակով Գանդիին հյուր են եկել բրիտանացի խորհրդարանականները, նրանք ստիպված են եղել նստել գետնին, որովհետև Գանդին նույնիսկ բարձերը համարում էր շքեղություն։

Գանդին պայքարում էր ոչ միայն գաղութարարների դեմ, այլև կաստաների, ինչի պատճառով նա մի խումբ թշնամիներ ունեցավ։ Գանդին պաշտպանում էր սոցիալական ամենացածր մակարդակին պատկանող մարդկանց։ Մի որբ աղջնակի այդ ցածր մակարդակից որդեգրելով՝ ցանկացել է շեշտադրել իր պայքարը ընդդեմ սեփական երկրում այդպիսի խմբերի բաժանման։ Նա կարծում էր, որ մարդ իրավունք չունի պահանջել մյուսներից այն, ինչն ինքը չի անում։ Սկզբում Կաստուրբայը զարմացել է Գանդիի այդ արարքի վրա, բայց հետո մեծ սիրով ընդունել այդ աղջնակին։

Կաստուրբայը փորձում էր միշտ լինել ամուսնու կողքին։ Նա չէր մտածում քննարկել նրա արարքները, նա ուղղակի Գանդիի կողքին էր։ Նրանց հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ չէր փոխվել այդ 62 տարիների ընթացքում։ Այդքան ժամանակ Կաստուրբայը չի լսել ոչ մի կոպիտ խոսք Գանդիի կողմից։

Սակայն Գանդիի և Կաստուրբայի ոչ բոլոր երեխաներն են արդարացրել ծնողների հույսերը։ Օրինակ՝ ավագ որդին ընդունել էր իսլամը, բայց ամբողջովին հակառակ իր հավատքին՝ նա սկսել էր զբաղվել հարբեցողությամբ։ Միևնույն ժամանակ մյուս որդին կիսում էր հոր գաղափարները և մասնակցում նրա հետ անհնազանդության գործողություններին։ Երեխաներից ոմանք էլ լքում էին խրճիթը՝ չհարմարվելով այդ պայմաններին, սակայն Գանդին ընդհանրապես չէր խոչընդոտում նրանց, նա ոչ ոքին չէր պարտադրում իր համոզմունքները։ Կաստուրբայը միշտ իր ամուսնու կողմնակիցն էր։ Նա գրել էր որդիներից մեկին, որը լքել էր հայրական տունը, որ իր հայրը երբեք չի գանգատվել և բողոքել, բայց ինքը գիտի, թե նա ինչքան է տանջվում զավակների այդ տեսակ արարքների համար։

40-ական թվականների կեսերին, երբ Գանդիին ազատազրկում են, նա հիվանդանում է։ Այդ մասին նա ոչինչ չի ասում կնոջը։ Կաստուրբայը, զգալով այդ ամենը, պահանջում է իրեն ևս ազատազրկել, որպեսզի նա կարողանա հոգ տանել իր ամուսնու մասին։ Այսպիսով դաժան գաղութարարաները նրան ևս ձերբակալում են, և նա ապրում է իր ամուսնու կողքին։ Խնամելով վատառողջ ամուսնուն՝ Կաստուրբայը, որն արդեն 70 անց էր, ծանր հիվանդացել է։ Կաստուրբայը հաճախակի սրտային նոպաներ էր ունենում և որոշ ժամանակ անց մահանում է Գանդիի աչքերի առաջ։ Ամուսնու այդպիսի նվիրվածությունը ցնցել էր ողջ աշխարհը։ Ողջ Հնդկաստանում սգո երթեր էին կազմակերպվում։ Իսկ Գանդին այդ տխուր օրերին լուռ նստած էր մահվան մահճում գտնվող անսահման սիրելի կնոջ կողքին։ Նա հրաժեշտ տվեց կնոջը, ներողություն խնդրեց այդպիսի ծանր և դժվար կյանքի համար։

Ամեն տարի՝ փետրվարի 22-ին, ի հիշատակ Կաստուրբայի, ողջ Հնդկաստանում նշում են Մայրերի օրը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանդիի ընտանիքը բավական ապահովված էր, որպեսզի թույլ տար երեխաներին ստանալ լավ կրթություն և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն՝ իրավաբանություն ուսումնասիրելու նպատակով։ 3 տարի սովորելով Լոնդոնում՝ ստանում է իրավաբանի դիպլոմը և վերադառնում Հնդկաստան։

Որպեսզի հասկանա, թե ինչպես կարող է օգնել իր ժողովրդին, երիտասարդ իրավաբանը սկսել է ուսումնասիրել Հնդկաստանը։ Նա սկսում է գնացքով ճանապարհորդել երկրի տարբեր ուղղություններով։ Կեղտոտ վագոնները, աղքատությունը, նյարդային ուղևորները ցուցադրում էին Հնդկաստանի ընդհանուր վիճակը և Գանդիի մոտ հուսահատություն առաջացնում։

Իրավաբանական պրակտիկան չի հաջողվել, և Գանդին որոշել է կտրուկ փոխել իր կյանքը։ Շնորհիվ հոր ունեցած կապերի՝ նա իրավական խորհրդատուի աշխատանք է ստացել հնդկական առևտրական կազմակերպության Հարավային Աֆրիկայի գրասենյակում։ 1893 թվականին Մոհանդասը մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ։ Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները։

Առաջին իսկ օրերից նա բախվել է ռասիզմի դրսևորումներին։ Գանդիին ուժով դուրս են հանել առաջին կարգի վագոնից, թույլ չեն տվել նստել այն կառքը, որով սպիտակամորթներն էին ճամփորդում։ Ոստիկանները մայթերից դեպի երթևեկելի մաս էին հրում նրան, քանի որ դրանք միայն սպիտակամորթների համար էին։ Գանդին հասկացել է, որ այդ երկրում նվաստացումներն ու հալածանքները բոլոր հնդիկների ճակատագիրն էին՝ անկախ նրանց կրթությունից ու կարգավիճակից։ Հենց այդտեղ էլ նա որոշել է «փորձել արմատախիլ անել այդ հիվանդությունը, որքան հնարավոր կլինի», և հանուն դրա զրկանքներ կրել։ Նա վարքագծի անձնական սկզբունքներ է մշակել ռասիզմի դրսևորումներին բախվելիս՝ որոշելով ամեն անգամ հարգալից, բայց անդրդվելի դիմադրություն ցուցաբերել ու երբեք հատուցում չպահանջել անձամբ իրեն վերաբերող վիրավորանքների համար։ Այստեղ էր, որ Գանդին գիտակցել է, թե որքան անելանելի է Հարավային Աֆրիկայում հնդիկների վիճակը։ Գանդիին տաջում էր հետևյալ հարցը. ինչպես պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ խուսափելով զոհերից և բռնությունից։ Անսպասելիորեն նա գտել է պատասխանը։ Ինչ-որ կերպ նրա մոտ է հայտնվում Լև Տոլստոյի գիրքը՝ «Աստվածային թագավորությունը ձեր ներսում», որը փոխում է նրա ողջ աշխարհընկալումը։ Գանդին պատմում է, որ նա ցնցված է եղել Տոլստոյի գրքով և նրա աչքին չէին երևում մյուս գրողների գրքերը։ Նա հիացած էր Տոլստոյի անկախ մտքով, ընդհանուր բարոյականությամբ և անկեղծությամբ։

1943 թվականի փետրվարի 21-ին ամբողջ Հնդկաստանում կատարվել է զանգվածային աղոթք` անգլիական բանտում հացադուլ հայտարարած Մահաթմա Գանդիի առողջության համար[13]։

Նա մշակում է նոր սկզբունքներ քաղաքացիների պահվածքի համար, որը կոչում է Սատյագրահա (Սատ նշանակում է ճշտություն, Ագրահա՝ ամրություն)։ Սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և բռնության բացակայության վրա։ Սատյագրահայի հիմնական գաղափարը կայանում է բռնությունից հրաժարվելով ազդել թշնամու խելամտության և խղճի վրա՝ պատրաստակամությամբ դիմանալով ցավին և տանջանքներին։ Սատյագրահայի նպատակն է վերափոխելու մրցակցին, որպես դաշնակից և ընկեր։ Համարվում է, որ խղճին դիմելն ավելի արդյունավետ է, քան սպառնալիքները և բռնությունը։ Ըստ Գանդիի տեսության՝ վաղ թե ուշ բռնությունը հանգեցնում է ավելի ուժգին բռնության, իսկ բռնության բացակայությունը կոտրում է չարությունը և հնարավոր է դարձնում թշնամուն վերափոխել գաղափարակցի։ Գանդին Սատյագրահան դիտում է ոչ թե որպես թույլերի զենք, այլ ընդհակառակը, որպես ուժեղ ոգու տեր մարդկանց զենք։ Նոր Սատյագրահայի խորհրդանիշ է դառնում հնդկական ճախարակը։ Մահաթմա Գանդիի կոչով ամբողջ ազգը գնում է ինքնաբավարարման և հրաժարվում է բրիտանական ապրանքներ գնելուց, այդ թվում նաև թանկարժեք կտորներից։ Մահաթման ինքն է նստում ճախարակի առջև և կարում սեփական հագուստը։ Այդ կերպ հնդկացիները ոչ թե խախտում են օրենքը, այլ ուղղակի չեն համագործակցում կառավարության հետ։ Նրանք գնում են միմիայն հնդկական ապրանքներ, չնայած այն բանի որ դրանք ավելի վատ որակի են։ Եվ վառում են անգլիական կտորները, որոնք նրանք առաջ գնում էին։ Ողջ ազգի համար դա հոգևոր բեկում էր, ներքին բացահայտում։ Դուրս էր գալիս, որ իրենց տնտեսական և քաղաքական կախվածությունը Անգլիայից վերածվում էր գաղութարարների հետ համագործակցության։

Սկզբում բրիտանացիները Գանդիին ծաղրում են, բայց շուտով սկսում են ցնցվել, քանի որ անգլիացիներին ոչ-ոք չէր նկատում, իրենց ավանդույթները չէին հարգվում, և նրանց առևտրական կազմակերպությունները հսկայական կորուստներ էին կրում։ Ամեն ինչ բերում է նրան, որ հնդկացիները նույնիսկ չեն նկատում Ուելսի արքայազնին, որը Հնդկաստան էր եկել։ Փողոցները դափ-դատարկ են լինում, երբ այնտեղ է հայտնվում բարձրաստիճան հյուրը։

Գանդին պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար և ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի, մինչև չի հասնում հաջողության։ 1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան, որտեղ գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ։

Ազգային-ազատագրական շարժում Հնդկաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրական շարժման առաջին քայլերը տեղի են ունեցել Բենգալիայում։ Սկզբում հնդիկները պայքարում էին ռազմական ուժերի միջոցով, ապա պայքարը տեղափոխվել է քաղաքական դաշտ։ Շարժման վերջին փուլում՝ 1920-ականներից սկսած, Հնդկաստանի Ազգային կոնգրեսը պայքարի հիմք է ընդունել Գանդիի մեթոդը՝ բռնության բացակայության քաղաքականությունը։

1919 թվականին Գանդին առաջին անգամ կոչ է անում քաղաքացիներին խաղաղ բողոքի ակցիայի՝ գործադուլի և անհնազանդության։ Միլիոնավոր հնդիկներ այդ օրը աշխատանքի դուրս չեն գալիս։ Նրանք քայլում էին փողոցներով՝ վանկարկելով անկախության և ազատության կոչեր։ Ցավոք, ոչ բոլորն են կարողացել պահպանել խաղաղությունը և մի պահ ամբոխը ագրեսիվացել և հունից դուրս է եկել՝ բախվելով ոստիկաններին։ Գանդիին ձերբակալել են որպես կազմակերպիչ և ազատազրկել 6 տարով։ Նա կարծում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է։

6 տարի հետո Մահաթման վերադառնում է իր սովորական կյանքին։ Քննադատները ուշադրություն չէին դարձնում մեծ փիլիսոփայի վրա։ Նրանք կարծում էին, որ Գանդին բանտարկվելով կոտրվել է և նրա քաղաքական գործունեությունը ավատրվել է։ Սակայն հենց մտավորականի խոսքերով՝ բանտը նրան հնարավորություն է տվել վերանայել իր գաղափարները և գտնել թույլ կողմերը։

Բրիտանացիների դաժանությունը և տեղական կառավարիչների անգործությունը ստիպել է մարդկանց ուշադիր լսել Գանդիին՝ որը գերում էր բոլորին իր խարիզմայով։ Քիչ հետո Մահաթման մեծ հեղինակություն է ձեռք բերել։

Մահաթմա Գանդին 1947 թվականին անկախացրել է իր երկիրը բրիտանական կառավարությունից։ Երկիրը բաժանվել է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի։ Ծագել են զինված ընդհարումներ մուսուլմանների և հինդուիզմի դավանողների միջև։ Հակամարտությունը դադարեցնելու նպատակով Գանդին հացադուլ է հայտարարել։ Նման կտրուկ գործողությունը ազդել է մարդկանց վրա և արյունահեղությունը դադարել է։

Գանդին ընդհատում է հացադուլը։ Դրանից ևս 12 օր անց տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդը երեք կրակոց է արձակում Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին։ Գրեթե ուշագնաց Գանդին՝ շրջապատված զարմուհիներով, շարժումներով դժվարությամբ ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին։ Մահաթմա Գանդին մահանում է ժպիտը երեսին։

Մադելին Սլեյդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադելին Սլեյդը Բրիտանիայի ադմիրալի դուստրն էր, որը լքել էր Բրիտանիայի իր տունը և եկել էր ապրելու և աշխատելու Գանդիի հետ։ Մադելինը նվիրաբերել էր իր կյանքը հանուն մարդկության զարգացմանը և Գանդիի սկզբունքների առաջխաղացմանը։ Նա պատահականորեն լսել էր Գանդիի նոր գրքի մասին, որը նա դեռ չէր կարդացել։ Մադելինը Մահաթմային նամակ է գրում, թե ցանկանում է դառնալ Գանդիի հետևորդն ու աշակերտը։ Վերջինս հրավիրում է Մադելինին՝ զգուշացնելով իրենց խրճիթների ճգնավոր կյանքի մասին։ Հաջորդ 34 տարիներին Մադելինը իր տունը դարձրել է Հնդկաստանը։ Գանդին նրան անվանում էր Միրաբեն։ Միրաբենի Հնդկաստանում գտնվելու ժամանակը համընկնում է Գանդիի ազատության համար պայքարի գագաթնակետի հետ։ Նա ընկերակցում էր Գանդիին տարատեսակ հանդիպումների և կոնֆերանսների ժամանակ։

Եթե որպես հոգևոր առաջնորդ ու ազգային-ազատագրական շարժման փաստացի ղեկավար իր ճանապարհի սկզբին Գանդին հնարավոր էր համարում պաշտպանել հնդիկների կյանքը, արժանապատվությունն ու իրավունքները և ինքնակառավարման հասնել Բրիտանական կայսրության շրջանակում, ապա պայքարի ընթացքում նա համոզվել է, որ երկիրը կարող է ազատ զարգանալ ու լուծել իր բոլոր հասարակական խնդիրները միայն եթե անգլիացիները հեռանան Հնդկաստանից ու երկիրն անկախանա։ Անգլիայի տիրապետության դեմ արդար պայքարի համոզմունքը Գանդիին ժողովրդին պայքարի բարձրացնելու անսպառ ուժ էր տալիս, իսկ քաղաքական հակառակորդները գնալով համոզվում էին նրա աճող ազդեցության մեջ։

Բուն Հնդկաստանում և դրա սահմաններից դուրս Գանդիի կյանքի օրոք նրա ուսմունքն ու ղեկավարած շարժումը «գանդիզմ» էին կոչում. դա սոցիալ-քաղաքական և կրոնափիլիսոփայական ուսմունք է, որը դարձել է հնդիկների ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսությունը։ Բայց ինքը՝ Գանդին դեմ էր այդ տերմինին։ Ըստ նրա, բոլոր «իզմերը»՝ անարխիզմ, սոցիալիզմ, կոմունիզմ, աղանդավորական բնույթի էին։ Նա պնդում էր, որ «չկա այդպիսի առարկա, ինչպիսին գանդիզմն է», քանի որ չէր ուզում իրենից հետո որևէ աղանդ թողնել։

Կրոնի տակ Գանդին հասկանում է այն հիմնական կրոնը, որը մեզ տանում է դեպի Արարիչը։ Կրոնի տակ պետք չի հասկանալ աղանդավորություն, այլ կրոնը դա մարդկային բնությունը փոխողն է՝ անքակտելիորեն կապը մարդու և ճշմարտության։ Գանդին կարծում էր, որ ոչ-ոք ի զորու չէ ապրել առանց հավատքի, նույնիսկ այն մարդը ով ժխտում է հավատքը։ Մարդը չի կարող լինել խաբեբա և դաժան և միևնույն ժամանակ հավատալ Աստծուն։ Նա կարծում էր, որ բոլոր կրոնները գալիս են մեկ Աստծուց։ Կրոնները դրանք տարբեր տեսակներ են միևնույն նպատակի տանող ճանապարհի։ Ինչքան անհատ կա, այդքան էլ կրոն գոյություն ունի։ Մենք բոլորս պետք է գիտակցենք մեր սեփական կրոնի թերությունները և փորձենք դրանք շտկել։ Գանդին կարծում էր, որ հավատքը ներթափանցում է այն հատվածը, որտեղ բանականությունն անզոր է։ Գանդին ասում էր, որ կյանքը, առանց ստի, ամենալավն է բոլոր գրքերից։ Բոլոր կրոնները ճշմարիտ են, բոլոր կրոնները կարող են խճճվել, բոլոր կրոնները նրա համար թանկ են, համարյա թե այնպես, ինչպես իր հինդուիզմը, քանի որ ողջ մարդկությունը պետք է թանկ լինի նրան, ինչպես իր բարեկամները։ Գանդին վստահ էր, որ Աստված գոյություն ունի, եթե նա չկա, ուրեմն մենք էլ չկանք։ Նույնիսկ կենցաղում մարդիկ գլխի չեն ընկնում, թե ով և ինչ մեթոդներով է ղեկավարում իրենց կյանքը։ Բայց նրանք վստահ են իրենց գլխավերևում ինչ-որ ուժի գոյության վրա։ Գանդիի համար Աստված ճշմարտություն և սեր է։ Աստված է բարոյականությունը և անվախությունը, լույսի և կյանքի աղբյուրը, մաքրամաքուր էությունը։ Որտեղ սերն է, այնտեղ էլ Աստված է։ Բռնության բացակայությունը վերին մակարդակն է։ Իսկ հավատքը անօգնականներին օգնելը և ծառայելն է։ Թույլը երբեք չի ներում, ներելը զորեղինն է։ Գանդիի նպատակն է ողջ աշխարհի հետ ապրել ընկերության մեջ։ Նա կարողանում է համատեղել խորին սերը և չարության մերժումը։

Առողջության բանալին ըստ Գանդիի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանդին կարծում էր, որ առողջ մարմինը ազատություն և թեթևություն է։ Առողջ կարելի է համարել այն մարդուն, որը չի տառապում ոչ մի հիվանդությամբ, իր առօրեական գործունեության ժամանակ հոգնածություն չի զգում։ Պետք է լավ ճանաչել մարդկային մարմինը, որպեսզի կարողանալ ապահովել առողջությունը։ Մարդկային մարմինը մի մեխանիզմ է, որի յուրաքանչյուր տարր պետք է համագործակցի մյուսների հետ։

Ամեն ինչ աշխարհում կարող ենք օգտագործել ուղղված և՛ բարուն, և՛ չարին։ Այդպիսին է նաև մարդկային մարմինը։ Երբ ենթարկվում ենք սեփական եսասիրությանը կամ մերձավորին վնաս հասցնելու ուղղվածությանը, այդ ժամանակ մեր մարմինն ուղղված է դեպի չարը, իսկ երբ մենք ապրում ենք ուրիշներին լավություն անելով և աշխարհին ծառայելով, այդժամ մեր մարմինն ուղղված է դեպի բարին, վսեմը և գեղեցիկը։

Գանդին կարևորում է մի շարք անհրաժեշտ բաներ, առանց որի մարդ չի կարող առողջ լինել.

Առաջինը օդն է, առանց որի մարդկությունը չէր կարողանա ապրել երկրագնդի վրա։ Գանդին կարծում է, որ պետք է ճիշտ շնչել, այսինքն քթով և սխալ է բերանով շնչելը։ Քթում գոյություն ունի ֆիլտրացիոն համակարգ, որի շնորհիվ թոքերում հայտնված օդը լինում է մաքուր և օգտակար։ Պետք է խուսափել գերբնակեցված տեղանքներից և ապրել լուսավոր և լավ օդափոխություն ունեցող տանը։

Երկրորդը ջուրն է, առանց որի մարդ կարող է ապրել ընդամենը մի քանի ժամ։ Գանդին ասում է, որ պետք չէ ուրիշների տված կամ անհայտ աղբյուրից ջուրը խմել, քանի որ նրա սովորական տեսքը և համը դեռևս մաքրության երաշխիք չէ, այն կարող է լինել իսկական թույն։

Սննդային խորհուրդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանդին, կողմ լինելով բուսակերությանը, շատ անհրաժեշտ է համարում կաթի օգտագործումը մեր առօրյա սննդում, քանի որ այն կենդանական սպիտակուցների աղբյուր է։ Առողջությունը և առույգությունը ապահովելու համար պետք է սննդի մեջ ներառել կաթ, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնային մթերքներ։ Գանդին կարևորում է հացահատիկների և լոբազգիների սննդարարությունը մարդու օրգանիզմի համար։ Ցորեն և բրինձ պետք է օգտագործել՝ ապահովելու օրգանիզմի օսլան։ Իսկ լոբին, սիսեռը և ոլոռը ապահովում են օրգանիզմի սպիտակուցները։ Բացի այդ Գանդին նշում է, որ սնունդը պետք է լավ ծամել, քանի որ դա է հեշտ մարսողության պայմանը։ Նաև էական նշանակություն ունեն սեզոնային մրգերը, որոնք պետք է հաճախակի օգտագործել։

Գանդին դեմ է թեյի, սուրճի և կակաոյի գործածությանը։ Նա կարծում է, որ դրանք դժվարացնում են մարսողությունը և բերում են ստամոքսի խանգարման։ Նա իր սեփական փորձից ասում է, որ վատ է եղել ինքնազգացողությունը, այն ժամանակ, երբ ինքն օգտագործում էր դրանցից քիչ քանակությամբ։

Գանդին դեմ է նաև ալկոհոլային խմիչքներին, քանի որ նրանց ազդեցության տակ մարդը չի կարող օգտակար և խելամիտ քայլեր անել։ Եվ սովորաբար դրանց պատճառով մոռանում է սեփական արժանապատվության մասին։

Գանդին և Թեոսոֆիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանդին եղբայրության և համբերատարության կողմնակիցն էր, նա համակրում էր Թեոսոֆիան, սակայն իրեն անդամ չէր համարում։ Գանդին կարծում էր, որ Թեոսոֆիայի հիմնադիր Բլավատսկայան մեծ ներդրում և ազդեցություն է ունեցել մարդկության շրջանում։ Բայց Գանդին չէր ցանկացել միանալ նրանց միությանը, որովհետև չէր ընդունում գաղտնագիտությունը։ Գանդին ասում էր, որ Թեոսոֆիան հնարավորություն է ընձեռում բացահայտել Հնդկաստանի զորեղությունը։ Այն թույլ է տալիս գիտակցել, որ յուրաքանչյուր զգացմունքի ետևում ընկած է ինքնակատարելագործման ձգտումը։

Բհագավատ գիտա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բհագավադգիտան հանդիսանում է հինդուիզմի հիմնական փիլիսոփայությունը։ Այս գիրքը օգնում է բացահայտել, թե ինչպես պետք է մարդ ինքնակատարելագործվի և ձեռք բերի իդեալական բանականություն։ Այն գլխավոր գիրքն է, որով առաջնորդվում էր Մահաթմա Գանդին իր կյանքում և ղեկավարման ժամակաշրջանում։ Այս գիրքը Գանդին համարում էր իր հոգևոր բառարանը։ 1929 թվականին՝ բանտում եղած ժամանակ, երբ նրան պատել են կասկածանքները և հաջորդել են հիասթափությունները և անգամ, երբ հույսի նշույլ նա չի նկատել հորիզոնում, նա դիմել է այս գրքին և կարողացել մի փոքր բան կարդալով խաղաղվել։

Գանդին կշռում էր ընդամենը 45 կիլոգրամ, նա չուներ կարողություն։ Նրա միակ հագուստը կոպիտ քաթանից սպիտակ կտորն էր, որը նա փաթաթում էր իր մարմնի շուրջը։ Իսկ ոտքերին ինքնաշեն սանդալներ էին, սակայն հաճախ նա ոչ մի ոտնաման չէր կրում։ Ձեռքին էլ փայտե գավազան էր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Mahatma Gandhi Biography
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Mahatma Gandhi Biography // biography
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 Google Books(բազմ․) — 2005. — P. 1—3.
  6. 6,0 6,1 6,2 Mohandas K. GandhiBiography // IMDb — 1990.
  7. 7,0 7,1 7,2 JSTOR — 1995.
  8. 8,0 8,1 Gandhi Heritage Portal — 2013.
  9. 9,0 9,1 https://web.archive.org/web/20190303203819/https://gandhijayanti2017.com/mahatma-gandhi-family-tree/
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://wowmusings.blogspot.com/2006/12/how-many-children-did-mahatma-gandhi.html
  11. https://gandhijayanti2017.com/mahatma-gandhi-family-tree/
  12. 12,0 12,1 12,2 https://web.archive.org/web/20210707173642/https://archive.pib.gov.in/archive/ArchiveSecondPhase/DEFENCE/1949-JAN-DEC-DEFENCE/PDF/DEF-1949-02-24_076.pdf
  13. Փարսադանյան, Ալբերտ (2006). Գիտելիքների շտեմարան 3:Գիտե՞ք որ . . . Երևան: ՎՄՎ Պրինտ. էջ 136.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահաթմա Գանդի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահաթմա Գանդի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 684